Միանշանակ քաղաքի վիճակը մեզ շատ է անհանգստացնում, ու խստորեն դատապարտելի է «Բալասանյան» դաշինքի կողմից նման վարքագիծը, որ քաղաքը մատնել են անտերության, որ դրա պատճառով քաղաքային աշխատողները աշխատավարձ չեն ստանում, փաստացի քաղաքը աղբի մեջ քիչ է մնում կորի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Այդ ամեն ինչը մեզ համար խստորեն դատապարտելի է: Ինչ վերաբերում է ՔՊ-ին, ապա ՔՊ-ն հրաժարվել է կոալիցիայի իր մասից, բայց ՔՊ-ն մանդատները վայր չի դրել, ճգնաժամ չի առաջացրել, պարզապես սկսել է աշխատել՝ որպես ընդդիմադիր»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է իշխանության կողմից ճնշումների մասին խոսակցություններին, Ալեքսանյանը նկատեց. «Եթե իշխանությունը որոշեր ճնշել ավագանու մեծամասնություն չկազմող խմբակցություններից մեկին, ապա կճնշեր այնպես, որ այդ խմբակցությունից մի քանի հոգի կընտրեին ՔՊ խմբակցության թեկնածուին»:
Հիշեցնենք, որ Գյումրիի քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ ավագանիում «Բալասանյան դաշինքի» 14 անդամները վայր են դրել մանդատները: