Գյումրիի նախընտրական դասավորությունը

Եվ այսպես, Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 9 ուժ՝ 3 դաշինք և 6 կուսակցություն: Եթե բաժանենք այդ մասնակիցներին իշխանական և ոչ իշխանական տիրույթների, ապա կունենանք հետևյալ պատկերը:

Նիկոլ Փաշինյանը Գյումրիի ընտրություններին մասնակցում է երեք դեմքով՝ «Քաղաքացիական պայմանագիրը», հայտնի «արևմտամետներից» բաղկացած «Եվրադաշինքը» և մի խեղկատակ, որն ինչ-որ սոցիալիստական կուսակցության կնիքով է մտել գործընթացի մեջ:

Մյուսները, գոնե առերևույթ, հակառակ բևեռում են: Այստեղ որպես քաղաքական ուժ «Քաղաքացիական պայմանագրի» հիմնական, արմատական ու գաղափարական հակառակորդը «Մայր Հայաստան» դաշինքն է, որի քաղաքապետի թեկնածուն գործարար, «Մենք» երիտասարդական նախաձեռնության հիմնադիր Կարեն Սիմոնյանն է:

«Մայր Հայաստանի» թիմում է ու ցուցակի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում վառ ընդգծված հականիկոլական հայացքներ ունեցող հեռուստահաղորդավար, քաղաքագետ Դերենիկ Մալխասյանը: «Մայր Հայաստանի» թիմում ընդգրկված են հանրության տարբեր շերտերի, տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ, որոնց միավորում է փոփոխությունների գաղափարը, նորի գաղափարը, թարմ ուժի գաղափարը, կառավարման նոր ոճի գաղափարը:

«Մայր Հայաստանն» այս ընտրությունների ֆավորիտներից է:

Ընտրությունների մյուս ֆավորիտը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է, ով որպես անհատ է վարում քարոզարշավը և լրջորեն անհանգստացնում է իշխանություններին: Նա մասնակցում է կոմունիստական կուսակցության ցուցակով, բայց սա ոչ թե քաղաքական կամ գաղափարական բնույթ է կրում, այլ պարզապես օրենքի պահանջներից բխող քայլ է:

Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ հիմնական ձայները բաշխվելու են Կարեն Սիմոնյանի, Վարդան Ղուկասյանի և ՔՊԿ-ն ներկայացնող Սարիկ Մինասյանի միջև: Վերջինս ձայները հիմնականում հավաքելու է վարչական ռեսուրսի և այլ ռեսուրսների միջոցով, քանզի ՔՊԿ-ն որպես ուժ շատ ցածր վարկանիշ ունի և բացի վնասից Սարկին ոչ մի օգուտ չի կարող տալ, բայց դե Սարիկն էլ իր հերթին չէր ստանա վարչական ռեսուրսները, եթե չդառնար ՔՊԿ-ի անդամ:

Առջևում ընտրարշավն է և շատ կարճ ժամանակում կհստակեցվի, թե ով ինչ է իրենից ներկայացնում և ինչպիսի պատկերն կունենանք:

Ի դեպ, նույն սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ ՔՊԿ-ն իր արբանկայների հետ միասին չի կարող ստանձնել կառավարման ղեկը, այսինքն՝ ստանալ ավագանու կեսից ավելի ձայները: Այնպես որ Գյումրիում իշխանափոխությունը շատ մեծ հավանականություն ունի: Մնում է ոչ իշխանական դաշտում բոլորը սկզբունքային լինեն և գործարքի չգնան այնպես, ինչպես Երևանում գործարքի գնացին «Հանրային ձայնի» անդամները:

Կորյուն Մանուկյան