Գուտերեշը հորդորել է հետևել Գազայում հրադադար...

Գազայի հատվածում հրադադարը կայուն չէ և արդեն մի քանի անգամ խախտվել է, սակայն կնքված զինադադարն Իսրայելի իշխանությունների և ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև պահպանվում է: Ինչպես տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։

«Հրադադարի ռեժիմը Գազայում կայուն չէ, այն բազմիցս խախտվել է, բայց դեռևս պահպանվում է: Ես վճռականորեն կոչ եմ անում, որ լիարժեք պահպանվի հրադադարի ռեժիմը, որպեսզի հնարավոր լինի բացել բանակցությունների ուղին երկրորդ փուլի համար, որը կհանգեցնի պաղեստինցի ժողովրդի ինքնորոշման համար պայմանների ստեղծմանը և երկու պետությունների սկզբունքով խնդրի լուծմանը», - ասել է նա համաշխարհային կազմակերպության  կենտրոնակայանում կայացած մամուլի ասուլիսում։

Հոկտեմբերի 9-ին Իսրայելը և ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը Եգիպտոսի, Կատարի, ԱՄՆ-ի և Թուրքիայի միջնորդությամբ համաձայնության են եկել հաշտության պլանի առաջին փուլի իրականացման շուրջ, որը ներկայացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից: Գազայում հրադադարի ռեժիմը, այդ պլանի համաձայն, ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ին: Այդ պահից ի վեր արձանագրվել են զինադադարի խախտումներ, ինչի հետևանքով հրադադարի ռեժիմի հաստատումից հետո զոհվել է Գազայի 241 բնակիչ: