Գուցե «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքական որո...

Խորհրդարանում այսօր փորձում էին քվորում ապահովել՝ քվեարկելու համար արտահերթ նիստում քննարկված և առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերը: Երեքժամյա ընդմիջումից և «Իմ քայլը» խմբակցության՝ Արցախ ուղևորվող անդամներին ճանապարհից հետ բերելուց հետո գրանցվել էր 80 պատգամավոր:

«Նախ, շատ ուրախալի է, որ ԱԺ պատգամավորները մեծ պատվիրակությամբ մեկնում էին Արցախ: Ես կարծում եմ, որ օրվա ընտրությունը՝ երբ տեղի է ունենում Փաշինյան-Ալիև հանդիպումը, նույնպես պատահական չէր, և այս գործոնը պետք է կարևորել: Խնդիրն այն է, որ այն պատգամավորների թիվը, որոնք մեկնելու էին Արցախ, կարծես թե 35-40 էր մոտավորապես, և ամենևին չէր նշանակում, որ նիստը չպետք է կայանար, որովհետև նույն «Իմ քայլը» խմբակցությունը 88 պատգամավոր ունի, և մնացած պատգամվորներից 20-25-ի մասնակցությունը բավարար կլիներ քվորում ապահովելու համար»,-Politik.am-ի հետ զրույցում ասած իրավաբան Ռուբեն Մելիքյանը:

Առավոտից քվորում չապահովվելու մեջ Մելիքյանը որևէ օբյեկտիվ պատճառ չի տեսնում.«Իրականում, մտավախություններ կարող են լինել, որ որոշակի կապ կա այսօրվա նիստը վտանգելու և երեկ տեղի ունեցած քննարկումների միջև, երբ Ազգային ժողով հրատապ ռեժիմով բերված Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա փոփոխություններ ենթադրող նախագծում Սահմանադրական դատարանի որոշման հետ կապ չունեցող դրույթներ էին մտել: Հնարավոր է՝ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները կորցրել էին իրենց հետաքրքրությունը օրենքի նախագծի  նկատմամբ: Նման մտավախություն կա, և ես կարծում եմ՝ այդ մտահոգությունը օբյեկտիվ հիմքեր ունի՝ հաշվի առնելով երեկվա քննարկումները»,-ասում է Մելիքյանը:

Ռուբեն Մելիքյանի համար զարմանալի էր նաև, որ ԱԺ նիստը կայանալու համար պատգամավորները պետք է Արցախի գործողումից վերադառնային.«Ինչու պետք է վերադառնային, եթե գործուղման գնում էին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կեսից ավելի քիչը, բա մնացածները ու՞ր էին»: 

Մելիքյանը չի բացառում, որ այս տարակուսանքի ալիքը պատճառ հանդիսացավ, որ պատգամավորները վերադառնան՝ քվորում ապահովելու համար.«Գուցե նաև սկզբնապես եղել էր  քաղաքական որոշում, որպեսզի նիստը չկայանա, հիմա այդ քաղաքական որոշումը փոխվել է»:

Մարիամ Սարգսյան