Գրիգորյանի կողմից զինվորի սնունդը յուրացնելու...

«Գործի նյութերում այդ ամենը փաստող ոչ ապացույցներ կան, ոչ էլ վկայություններ»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը՝ անդրադառնալով «զինվորի սնունդ» յուրացնելուն:

Փաստաբանն նշեց նաև, որ այս գործով բացահայտումների մասին ազդարարած Ազգային անվտանգության ծառայությունը «փայլուն կատարել է իր գործը».«Եկեք տարանջատենք նախաքննությունն ու օպերատիվ աշխատանքները և դատաքննությունը։ Ասեմ, որ օպերատիվ հետախուզական աշխատանքների հետ կապված որևիցե դժգոհություն ոչ ոք չի հայտնել. Մարդիկ գնացել, հայտնաբերել են չգրանցված զենք-զինամթերք, այլ գույքեր ու այդ վարկածը տվել են Հատուկ քննչական ծառայությանը, որտեղ իրականացվել է նախաքննություն։ Հիմա թե ոնց պետք է սա գանհատվի, արդյոք կա հանցակազմ, թե չկա, արդյոք մեր պաշտպանյալը առնչություն ունի այդ ամենի։ Դրա վերջնական գնահատականը պետք է տա դատարանը»:

Հարցին, թե ինչո՞ւ են այդ իրերը հայտնվել Մանվել Գրիգորյանի առանձնատանը, պահեստներում, Մկրտչյանը արձագանքեց.«Բայց այդ հարցը Մանվել Գրիգորյանի հարցը չէ։ Նա ասում է, որ այդ ամենի հետ կապ չունի։ Եվ իրականում էլ կապ չունի»։

Փաստաբանն ինքը առաջադրեց իր վարկածները.«Այդ ապրանքները տեղադրվել են միտումնավոր, երրորդ անձի կողմից։ Այդ տարածք կարող էին հազարավոր մարդիկ մուտք գործել և հիմա էլ անցնում են։ Խոսքը առանձնատան մասին չէ, այլ՝ Ակնալճի տարածքը։ Նախաքննությունը պետք է շահագրգռված լիներ բացահայտել մասնամասները՝ ում կողմից, ինչպես են տեղադրվել այնտեղ»։