Գրենլանդիան չի ցանկանում լինել ԱՄՆ-ի մաս, սակայն բաց է Վաշինգտոնի հետ գործարար համագործակցությունը զարգացնելու համար։ Այսպիսի կարծիք է հայտնել The Washington Post-ի համար հրապարակված հոդվածում Գրենլանդիայի բիզնեսի, առևտրի, հանքային պաշարների, արդարադատության և գենդերային հավասարության նախարար Նաայա Նաթանիելսենը:
«Ինչպես հստակեցրեց մեր վարչապետը, Գրենլանդիան պատկանում է գրենլանդացի ժողովրդին: Մենք չենք ցանկանում լինել Միացյալ Նահանգների մի մասը: Մենք դանիացի կամ ամերիկացի չենք»,- ասել է Նաթանիելսենը։ Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Գրենլանդիան «լայն հնարավորություն է տեսնում գործարքի հասնելու համար, որը կարող է օգուտ բերել» երկու կողմերին:
Ինչպես նշում է նախարարն իր հոդվածում, Գրենլանդիայի տնտեսությունը զարգացնելու ներուժը «ահռելի է»։ Նրա խոսքով, կղզին պահպանում է բնապահպանական բարձր չափանիշները և հարուստ երկրաբանական ռեսուրսների տուն է: «Եվ մենք հրավիրում ենք Միացյալ Նահանգներին միանալ մեզ շատ ավելի սերտ գործարար համագործակցության համար», - ասել է Նաթանիելսենը:
Գրենլանդիան արդեն մի քանի տարի համագործակցում է Պետդեպարտամենտի հետ՝ օգտակար հանածոների պաշարների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման հարցում, ասել է նախարարը։ Նա նաև նշել է, որ Գրենլանդիան ուղիներ է փնտրում հանքարդյունաբերության ոլորտում ներդրումներն ավելացնելու համար։
Նախարարի խոսքով, ներկայումս Գրենլանդիայում օգտակար հանածոների արդյունահանման լիցենզիաների մեծ մասը պատկանում է Կանադայի և Մեծ Բրիտանիայի ընկերություններին. յուրաքանչյուրն ունի 23 լիցենզիա, իսկ ԱՄՆ-ն՝ մեկ։ «Վստահ եմ, որ այս պատկերը կարող է փոխվել։ Կան ներկա, ապագա և դեռևս անհայտ ներդրումային հնարավորություններ»,- ընդգծել է Նաթանիելսենը։