Գործարքն ԱՄՆ-ի հետ կարող է խափանել ԵՄ-ին Ուկր...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պնդում է, որ վերահսկի բոլոր խոշոր ենթակառուցվածքային ներդրումները եւ հանքարդյունաբերությունն Ուկրաինայում, ինչը կարող է Վաշինգտոնին վետոյի իրավունք տալ Կիեւի մյուս դաշնակիցների մասնակցության վրա եւ խաթարել Եվրամիությանը միանալու նրա շանսը: Այս մասին հինգշաբթի հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով համաձայնագրի նախագծին։ ԱՄՆ-ը պահանջում է առաջին առաջարկի իրավունք բոլոր ենթակառուցվածքային եւ բնական ռեսուրսների նախագծերում, ներառյալ ճանապարհները, նավահանգիստները, հանքերը, նավթը, գազը եւ օգտակար հանածոների մեծ մասը: Ուկրաինայում ԱՄՆ տնտեսական ազդեցության այս աննախադեպ համախմբումը տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ նա փորձում է մոտենալ ԵՄ-ին, նշվել է հրապարակման մեջ։ Փաստաթղթի համաձայն՝ նախագծերից ստացված եկամուտը կուղղվի ԱՄՆ վերահսկողության տակ գտնվող վերակառուցման հատուկ հիմնադրամին։ Ավելին, 2022-ից Կիեւին տրամադրվող ողջ ռազմական եւ տնտեսական օգնությունը կհամարվի Վաշինգտոնի ներդրումն այս հիմնադրամում։ Փաստորեն, դա նշանակում է, որ Կիեւը պետք է փոխհատուցի ԱՄՆ-ին բոլոր ծախսերը՝ նախքան հիմնադրամից միջոցներ ստանալը։ Համաձայնագրի նախագիծը նաեւ արգելում է Ուկրաինային կարեւոր օգտակար հանածոներ վաճառել Միացյալ Նահանգների «ռազմավարական մրցակից» երկրներին։ Կիեւից պահանջվելու է բոլոր նախագծերը ներկայացնել հիմնադրամի քննարկմանը, իսկ մերժվածները մեկ տարվա ընթացքում չեն կարող առաջարկվել այլ կողմերին ավելի շահավետ պայմաններով։ Ինչպես նշել է գործակալությունը, բանակցությունները շարունակվում են, համաձայնագրի վերջնական տարբերակը կարող է ճշգրտվել։ Ուկրաինան նախատեսում է իր ուղումները ներկայացնել այս շաբաթ։