Մամուլի հրապարակման` համաձայն Արարատի մարզի Նարեկ գյուղից ահազանգներ են եղել. բնակիչները իրենց վրդովմունքն են հայտնել, որ գյուղապետը իսկական վանդալիզմ է իրականացրել բնության նկատմամբ:
«23 տարի է ՝ գյուղապետարանի հարևանությամբ գտնվող այս տարածքը խնամել եմ: Տարածքը ամբողջովին ամայի էր և մշակել եմ, մրգատու ծառեր եմ տնկել, այդ թվում՝ խնձորենի, ծիրանենի, դեղձենի, սալորենի, ընկուզենի, տանձենի ու 2-3 օրերի ընացքում գյուղապետը ինչ-որ մարդկանց է կանչում և ողջ ծառերը բնից կտրել է տալիս էլեկտրական հատուկ սղոցներով»- լրատվամիջոցին հաղորդել էր գյուղի բնակչուհի Վարսենիկ Վարդանյանը:
Մյուս բնակիչների խոսքով` գյուղապետը 250-300 առողջ ծառերի սպանդը իրականացրել է մարզպետի թույտվությամբ.«Գյուղապետը լոլո է կարդում, թե մարզադաշտ եմ կառուցում. «Տո այ խելոք, որտեղ ես տեսել բնության հաշվին, բարձր լարման հոսանքալարերի պայմաններում մարզադաշտ կառուցեն»-ասել էին բնակիչները:
Politik.am-ի հետ զրույցում համայնքապետ Գարուշ Հակոբյանը վստահեցնում է` իր բոլոր գործողությունները օրենքի սահմաններում են, ամբողջը կատարվել է ոչ միայն մարզպետի, այլև իշխանության թույլտվությամբ, իսկ ծառերի հատման համար բողոքում է միայն մի գյուղացի և հանդես գալիս գյուղի մյուս բնակիչների անունից.
«Քիչ առաջ մոտ 100 բնակիչներ ինձ հետ կառավարություն էին եկել: Այս ամբողջը միայն մեկ բնակչի բողոքն ու պահանջն է, ով ունի 4 հեկտար հող, մշակում է միայն 40 տոկոսը: Նշված հողակտորը համայնքապատկան է, գտնվում է գյուղի կենտրոնում: Առաջարկում ենք գյուղի այլ մասում հողակտոր վերցնել, չի համաձայնվում, ուզում է հենց դա վերցնել, որտեղ պետք է զբոսայգի և խազահրապարակ կառուցվի: Ծառերի մի մասը հատել ենք մարտի 13-ին, դրանից հետո Վարսենիկ Վարդանյանը բողոքել է , գործը դատախազությունը կարճել է և մենք էլ վերսկսել ենք ծառահատումը: Այս գործը այսպես չեմ թողնելու, գործ կհարուցեմ իմ անունը առանց հիմքի արատավորելու համար»:
Համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարն էլ հայտնեց` հատված ծառերի քանակը ուռճացված է հաղորդվել:



