
Գորիսում հունիսի 2-ին կբացվի Հայաստանում Ֆրանսիայի պատվո հյուպատոսական գրասենյակ: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը։
ՔՊ-ական պատգամավորի խոսքով՝ Սյունիքում Ֆրանսիայի հյուպատոսական գրասենյակ բացելու մասին խոսակցությունները սկսվել են 2022 թվականի սեպտեմբերից հետո, երբ հարձակում եղավ Սյունիքի ուղղությամբ։
«Այդ ժամանակներից սկսած՝ բանակցություններն ընթանում են, որ Ֆրանսիան Գորիսում ունենա հյուպատոսություն, որը շատ կարևոր է և դրական ազդեցություն կունենա ընդհանուր միջավայրի համար»,- ասաց Խաչատրյանը։
Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ պատվո հյուպատոսն ազգությամբ հայ է՝ Կարմեն Ափունցը, որը Գորիսի ֆրանսախոսների մշակույթի կենտրոնի ղեկավարն է։
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն մայիսի 26-ին Երևանում ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ Ֆրանսիան պատվո հյուպատոսություն կբացի Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։