«Սա շատ լավ ցուցիչ է, որ գորիսեցիները մերժեցին պողպատե, մուրճային իրականությունը, որն իրենց պարտադրվում էր այս իշխանությունների կողմից, նաև մերժեցին սուտը և կեղծիքը»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը և հավելեց, որ ՏԻՄ ընտրություններով Գորիսը մերժեց պատերազմ, պարտություն և զոհեր բերած իշխանություններին: Պատգամավորը շեշտեց, որ գորիսցիները ընտել են իհարկե, ապագան, բայց՝ արժանապատիվ ապագան։ Արեգնազ Մանուկյանը նկատեց, որ այն դեպքում, երբ իշխանություններին ընտրությունների ժամանակ չի հաջողվում բանակի գործոնը կիրառել, անձնագրերի նույնականացման կամ չնույնականացման միջոցները կյանքի կոչել, արդյունքները լինում են լրիվ այլ։
Մանուկյանը տեղեկացրեց, որ Աժ արտահերթ ընտրությունների ժամանակ արձանագրված այդ ընտրախախտումների փաստերով դիմել են ՍԴ և հիմնավոր կասկածներ ունեն, որ այդ ընտրախախտումների արդյունքում է, որ իշխանություններին հաջողվել է Սյունիքում և այլ բնակավայրերում ունենալ իրականությունն չարտացոլող պատկեր:
Ըստ պատգամավորի՝ քաղաքացիները կամաց կամաց սկսել են հասկանալ, թե ԱԺ արտահերթ ընտրություններում 3-րդ համարի քվեաթերթիկին ձայն տալով ի՞նչ ապագա են ընտրել և այս կարճ ժամանակահատվածում իրենք արդեն իսկ մերժում են իրենց ընտրած անհեռանկար ապագան:
Արեգնազ Մանուկյանը հավելել է, որ Գորիսում Առուշ Առուշանյանը հաղթեց իշխանությունների աննախադեպ ճնշումների, ոստիկանական մեծ ուժեր կուտակելու պայմաններում, որոնսկսվել էին շատ ավելի շուտ, երբ կալանավորում էին Առուշանյանին և իր ընկերներին:
Արեգնազ Մանուկյանը հորդորել է մյուս համայնքներին եւս հետևել Գորիսի օրինակին:
«Հայաստան» խմբակցության պատգամավորը հիշեցրեց, որ 2008 թվականի ընդդիմաության նպատակը ՀՀ պետականությունը թուլացնելն էր, ինչը նրանց հաջողվեց 2018-ին՝ իշխանության գալով:
Մանուկյանի խոսքով՝ այսօրվա ընդդիմությունը, ի տարբերություն 2008-ի ընդդիմության, պետականամետ է, և դրա համար էլ շատ կշռադատված է գործում, ինչը որոշակի դանդաղկոտության տպավորություն կարող է թողնել:
Նա պնդեց, որ շատ արագ ընդդիմությունը պետք է գործեր նոյեմբերի 9-ից անմիջապես հետո, ինչը տարբեր պատճառներով չարվեց, իսկ ներկայում այդ ուժը հանդիպումներ է անցկացնում մարզերում, որպեսզի իշխանափոխության գործընթացը սկսի փողոցներում, բայց աշխատում է այնպես գործել, որ չվնասի հայոց պետականությունը:



