Գնել Սանոսյանը շրջայց է կատարել «Երևան ՋԷԿ»-ի...

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այցելել է «Երևան ՋԷԿ» ՓԲԸ։

Նախարարությունից հայտնում են, որ նախարարին ուղեկցել են ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, «Երևան ՋԷԿ» ՓԲԸ տնօրենի պարտականությունները կատարող Ալիսա Բաղդասարյանը, ՏԿԵՆ աշխատակազմի ղեկավար Արթուր Երիցյանը։

Նախարարը նախ շրջայց է կատարել ՋԷԿ-ի տարածքում, ծանոթացել իրականացված կապիտալ նորոգման աշխատանքներին։

Այս տարվա օգոստոս-հոկտեմբեր ամիսներին «Երևան ՋԷԿ» ՓԲԸ-ում իրականացվում է համակցված շոգեգազային ցիկլով աշխատող էներգաբլոկի, գազատուրբինի, շոգետուրբինի և օժանդակ սարքավորումների կապիտալ նորոգում։ Կապիտալ նորոգման աշխատանքները կատարվում են ամերիկյան և ճապոնական ընկերությունների մասնագետների կողմից՝ «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի աշխատակիցների մասնակցությամբ։

Բաղդասարյանը նախարարին է ներկայացրել կատարված և ընթացքում գտնվող աշխատանքները։

Այնուհետև նախարար Սանոսյանն այցելել է «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի ենթակայան, որը շահագործման է հանձնվել 2019 թ.։

Ենթակայանը միակ կապող օղակն է համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի և էներգահամակարգի միջև։ Ենթակայանի հուսալիությամբ է պայմանավորված էներգաբլոկի անխափան աշխատանքը և արտադրված էլեկտրաէներգիայի անխափան հաղորդումը էներգահամակարգին:

Շրջայցից հետո տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, նախարարի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ։