Ապրիլի 24-ը տարվա, երևի, միակ օրն է, երբ հայերով բոլորս մեկտեղվում ենք՝ և՛ մտքով, և՛ հոգով, և՛ հնարավորինս ֆիզիկապես. Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը.
«Ամեն տարի այս օրը առնվազն քաղաքական խավի համար մտածելու առիթ պետք է լինի և գլխավոր խնդիրն այն է, թե ինչպես պետք է անենք, որ չկրկնվի նոր ցեղասպանություն և վերջապես իմանանք և հստակ բարձրաձայնենք գլխավոր պատճառը որն է եղել, որ ցեղասպանվել ենք որպես ազգ, ժողովուրդ: Գլխավոր պատճառն այն է եղել, որ պետականությունից, ինքնիշխանությունից զուրկ ենք եղել, ուստի, իմ համոզմամբ՝ գոնե այս գաղափարի շուրջ առաջիկայում քաղաքական լուրջ մտածողություն ունեցող ուժերը, մարդիկ պետք է համախմբվեն, մեր ուժերը համախմբվենք օր առաջ ինքնիշխան Հայաստանի Հանրապետություն ստեղծելու գործում»,-ասաց նա:
Ըստ Սեֆիլյանի՝ պետությունը պետք է պահանջատերի դիրքում լինի: «Այն, ինչ տարիներ շարունակ մենք երազել ենք՝ վերատիրանալու մեր հայրենիքին, այնպես չէ, որ մնալու է երազային վիճակում. տեսնում ենք ինչպիսի պետություններ են մասնատվում, Թուրքիան էլ այդ շարքին հերթ է կանգնած, ուստի՝ Հայաստանի Հանրապետությունն այսօրվա տարածքում պետք է ամրանա, որովհետև մեզ աշխարհաքաղաքական մարտահրավերներ են սպասվում՝ ի նպաստ մեզ»,- ասաց նա:



