«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գլխավոր դատախազությունը չի կարողանում ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանքի տանել։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը մերժել է Գլխավոր դատախազության բողոքը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՊԵԿ նախկին նախագահ, տնային կալանքի տակ գտնվող Վարդան Հարությունյանը 300 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել վարչական վերահսկողությունն ու բացակայելու արգելքը։ Այս որոշումը դատախազությունը բողոքարկել էր, սակայն վերաքննիչը անփոփոխ է թողել որոշումը և, ըստ էության, մերժել է դատախազությանը։
Հիշեցնենք, որ Վարդան Հարությունյանը կալանավորվել էր 2025 թվականի օգոստոսի 8-ին՝ «Տաշիր» ընկերությունների խորհրդի նախագահ Սամվել Կարապետյանին ձերբակալելուց հետո, իսկ հոկտեմբերին կալանքը երկարաձգվել էր մեկ ամսով։ Նոյեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ նա բանտից տեղափոխվել է տուն և գտնվում է տնային կալանքի տակ։ Արդյունքում՝ տնային կալանքից ևս ազատվեց։
Վարդան Հարությունյանը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեջ, մինչդեռ մեղադրանքի հիմքում դրված հանգամանքներով քննություն արդեն իրականացվել է դեռևս յոթ տարի առաջ և հերքվել։ Մասնավորապես, քրեական գործը վերաբերում է «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությանը, սակայն այս ընկերության հետ առնչության վերաբերյալ քրեական գործով 2018 թվականին քննություն է իրականացվել, և վարույթը կարճվել էր։
Վարդան Հարությունյանի պաշտպանական խումբը հայտարարել էր, որ կալանքի ակնհայտ անհամաչափ և ոչ իրավաչափ կիրառման վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին հասցեագրված գանգատն արդեն իսկ մշակվել է և օրերս մուտքագրվելու է Եվրոպական դատարան»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:



