Գլխավոր դատախազն ԱԺ-ում է

Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը այսօր Ազգային ժողովում է: Գլխավոր դատախազության 2018 թվականի գործունեության հաղորդման համաձայն՝ 60 տոկոսով աճել են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու դեպքերը. եթե 2017 թվականին աևրձանագրվել է նման 150 դեպք, ապա 2018-ին՝ 240։

Այս վիճակգրությունը նշելով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը Հայաստանի գլխավոր դատախազից հարցրեց՝ արդյոք քրեական գործերի քննության մեթոդաբանություն է փոխվել, թե՞ այս արդյունքը իշխող քաղաքական ուժի քաղաքական կամքի դրսևորում է.

Դավթյանը պատասխանեց, որ պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ քրեական օրենսգրքի հոդվածների փոփոխություն չի կատարվել, բայց այդ հացագործությունների բացահայտումները տարեց տարի շատացել են.

«Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար պետություններն անցնում են ճանապարհ։ Այսօրվա նույնիսկ օրինակելի երկրները, դրանք այդ ճանապարհն անցել են և դա մեկ օրում տեղի չի ունեցել։ Այո, դրա համար հնարավորություններ են ավելանում, դրա համար քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման համար քայլեր են ձեռնարկվում, քաղաքացին ինքը դառնում է նախաձեռնող։ Կոնկրետ կոռուպցիոն հանցագործությունների մասով ես կարող եմ ասել, որ դրան նպաստել է քաղաքացիների նախաձեռնողականությունը և գործադիր իշխանության նախաձեռնողականությունը»: