Գեղարքունիքում սահմանազատման որևէ գործընթաց դ...

ՀՀ Գեղարքունիքի մարզում սահմանազատման հետ կապված որևէ գործընթաց դեռ չկա։ Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Նա հիշեցրեց նախկինում իր արած հայտարարությունը` եթե սկսվի սահմանազատման գործընթացը, ապա հակառակորդը 2021–22 թ. օկուպացված տարածքներից պետք է դուրս գա։

Մարզպետը վստահեցրեց, որ չգիտի, թե երբ է սահմանազատման գործընթաց սկսվելու իրենց մարզում։

«Եթե Գեղարքունիքում սահմանազատման գործընթացները սկսվեն, իրենք (ադրբեջանցիները-խմբ) 2021–22 թ.Գեղարքունիքի օկուպացված տարածքներից պետք է դուրս գան։ Նախկինում ես այդպես եմ ասել։ Իմ վստահությունը նրանում է, որ սահմանազատումը նշանակում է՝ երկու երկրները ճանաչում են իրենց սահմանները, իսկ այդ դեպքում իրենք հետ են վերադառնալու և մեր օկուպացված տարածքները վերադարձնելու են»,- ասաց մարզպետը։

Լրագրողի դիտարկմանը, որ Տավուշի մարզի Կիրանց գյուղի որոշ հատվածներից հակառակորդը հետ չի գնացել, Գեղարքունիքի մարզպետը վստահեցրեց, որ սահմանազատման գործընթացի արդյունքում հետ կգնան։

Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների` այս և մնացած հարցերում արված քայլերին, Սարգսյանը համաձայն չէ այն տեսակետների հետ, որ իրենք ձախողել են. կառավարությունը, նրա կարծիքով, իր առջև դրված բոլոր խնդիրները լուծելով առաջ է գնում։