2019-20թթ. ընթացքում կկառուցվի 55 մեգավատ հզորությամբ արևային կայան, որը կլինի տարածաշրջանում՝ Կովկասում, ամենախոշոր արևային կայանն ամենացածր գնով, այսօր «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային գործարար համաժողովի ժամանակ հայտարարեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը։
«Հայաստանում արևային էներգետիկայի պոտենցիալը դեռևս մնում է լրիվ չօգտագործված։ Հայաստանը միջինից բարձր արևային պոտենցիալ ունեցող երկիր է, մոտ 1500-1800 ժամ արևային օրեր ենք մենք ունենում, և Գեղարքունիքի մարզը դրանցից ամենամեծ պոտենցիալ ունեցողն է, դրա մասին է վկայում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վերջին զեկույցը, որի համաձայն 13 լիցենզավորված արևային կայանից 8-ը Գեղարքունիքի մարզում է, 2-ն արդեն կառուցված է։
Դրա մասին է վկայում նաև առաջին արդյունաբերական մասշտաբի արևային կայանի կառուցումը, որը տեղի է ունենալու Գեղարքունիքի մարզում։



