
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի միջև ծավալված ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում մարզի կրթության, առողջապահության, զբոսաշրջության, մշակույթի և գյուղատնտեսության ոլորտներում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերի արդյունքներն արձանագրված ձեռքբերումները։
Մարզպետ Կարեն Սարգսյանն անդրադարձել է քայլարշավային տուրիզմի և նոր տեխնոլոգիաների ներդրմամբ գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված առաջիկայում կազմակերպվող այցերին, հանդիպումներին և քննարկումներին, ֆրանսիական փորձը Գեղարքունիքի մարզում ներդնելու հնարավորություններին։
Մարզպետը խոսել է նաև մարզում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի մասին, որոնք մեծապես նպաստում են նաև զբոսաշրջության զարգացմանն ու առաջընթացին։
Դեսպան Օլիվիե Դըկոտինյին, բարձր գնահատելով հայ-ֆրանսիական երկու երկրների միջև ձևավորված տևական համագործակցությունը, վստահեցրել է, որ ֆրանսիական կողմը կշարունակի մնալ իր սկզբունքներին հավատարիմ և նոր գաղափարների ներդրմամբ համագործակցային ծրագրեր իրականացնել Գեղարքունիքի մարզում՝ տարբեր կազմակերպությունների, ձեռնարկությունների, հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ, ինչը մեծապես կնպաստի երկու երկրների ժողովուրդների բարեկամական կապի խորացմանը և փոխադարձ շփումներին։
Քննարկվել են նաև տնտեսական ու մշակութային համագործակցությանը վերաբերող այլ հարցեր։