Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 4-ի նիստում որոշեց «Ա-Ս ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ-ին ազատել մաքսատուրքից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Ա-Ս ԷՆԵՐՋԻ» ՍՊԻ-ի կողմից ներմուծվող սարքավորումները նախատեսված են կառուցել և շահագործել 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան Գեղարքունիքի մարզ Աստղաձոր համայնքում։
Կայանի կառուցման, փորձարկման և գործարկման համար անհրաժեշտ ներդրումների ընդհանուր գումարը կազմում է մոտ 1.65 մլրդ դրամ։ Նախատեսվում է տեղադրել բարձր արդյունավետությամբ RisenEnergy ընկերության երկերեսանի մոնոբյուրեղային ՖՎ մոդուլներ (www.risenenergy.com), որոնց հզորության նվազեցումը չի գերազանցում տարեկան 0.5%-ը:
Արտադրված էլեկտրաէներգիան ամբողջությամբ վաճառվելու է ՀԷՑ ՓԲԸ-ին, առկա են ՀՀ Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողովի կողմից շնորհված էլեկտրական էներգիայի արտադրության (հզորության) լիցենզիա։
Ներդրումների մոտ 80% արդեն իսկ կատարված է, այդ թվում ծրագրի շրջանակներում ձեռք է բերվել հողամաս, իրականացվել է շինարարություն և նախագծային աշխատանքներ, կատարվել են վճարումներ սարքավորումների դիմաց։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1․6 մլրդ դրամի ներդրում՝ կայանների կառուցման, փորձարկման և գործարկման համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 4 աշխատատեղ՝ 250,000 դրամ աշխատավարձով։
Արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի շուրջ 230 մլն դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 312․6 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 30․6 մլն դրամ:
Նշվում է, որ այս ծրագրի իրագործումը կնպաստի մինչև 2030 թվականը արևային էներգիայի արտադրության բաժինն ընդհանուրի մեջ հասցնել առնվազն 15 տոկոսի։