Հայաստանում հեղուկ գազի հետ կապված խնդիրը մոտ օրերս էականորեն կլուծվի։
Lրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանից Հայաստան հեղուկ գազ ներկրող մեքենաները մնացել էին Լարսի անցակետում՝ռուսական կողմում՝ եղանակային ոչ բարենպաստ պայմաններով պայմանավորված։
«Վրաստանի տարածքում հիմա կան բազմաթիվ հեղուկ գազով լցված մեքենաներ, որոնք գալիս են Հայաստան։ Դրանք այն մեքենաներ էին, որոնք մնացել էին ռռւսական կողմում, որովհետև ձյուն էր եկել և դրանք չէին կարողանում շարժվել։ Հիմա արդեն եղանակը լավ է»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ մի քանի օր հետո իրավիճակը կբարելավվի, սակայն նախկին իրավիճակը չի լինի, քանի որ կա նաև Իրանի գործոնը, որտեղից Հայաստան հեղուկ գազ այս պահին չի մտնում՝ Մերձավոր Արևելքում հակամարտության մեկնարկից ի վեր։
Պապոյանը պարզաբանել է, որ Հայաստանը հեղուկ գազ ներկրում է Իրանից և Ռուսաստանից, Իրանից այս պահին ներկրում չկա Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով, իսկ Ռուսաստանից էլ ներկրումը մի քանի օր կանգնել էր, քանի որ եղանակային վատ պայմաններ էին։
Հայաստանում վերջին օրերին հեղուկ գազի գները շուրջ 50 տոկոսով բարձրացել են՝ պայմանավորված շուկայում դրա դեֆիցիտով։ Տնտեսական մրցակցության և սպառողների պաշտպանության հանձնաժողովը, մեկնաբանելով իրավիճակը, նշել էր, որ Հայաստան հեղուկ գազ ներմուծող շուրջ 180 ընկերություն կա, որոնցից ամենախոշոր ներկրողին բաժին է ընկնում ամբողջ ներմուծման ծավալի ընդամենը 8 տոկոսը, հետևաբար գների բարձրացումը չի կարող գերակա դիրքի չարաշահման հետևանք լինել։ Էկոնոմիկայի նախարարությունն էլ պարզաբանել էր, որ Վերին Լարսի անցակետը եղանակային վատ պայմանների պատճառով փակվել է, ինչի հետևանքով էլ հնարավոր չի եղել հեղուկ գազի ժամանակին ներմուծումը. հենց դա էլ եղել է Հայաստանի շուկայում հեղուկ գազի դեֆիցիտի պատճառը, ինչն էլ իր հերթին հանգեցրել է գների բարձրացման։



