Գերմանիայի կառավարությունը երկարաձգել է Սաուդյան Արաբիա զենքի արտահանման արգելքը մինչեւ 2021-ի վերջը` միաժամանակ խստացնելով մինչ այժմ գործող կանոնակարգերը: Չեղարկումը տարածվում է նույնիսկ այն թույլտվությունների վրա, որոնք արդեն տրվել էին, սակայն սառեցվել էին: Բացառություն է թույլատրվում միայն այն մատակարարումների համար, որոնք իրականացվում են եվրոպական համագործակցության նախագծերի շրջանակներում, հայտնել է դաշնային կառավարության ներկայացուցիչը` պատասխանելով dpa գործակալության հարցմանը:
Առաջիկա տարում Սաուդյան Արաբիային զենք մատակարարելու նոր թույլտվություններ նույնպես չեն լինի: Այստեղ եւս բացառություններ կան համաեվրոպական նախագծերի շրջանակներում, սակայն նման նախագծերին մասնակցող գերմանական ընկերությունները պետք է պնդեն, որպեսզի ամբողջությամբ հավաքված ապրանքները դեռ չուղարկվեն Սաուդյան Արաբիա կամ Արաբական Միացյալ Էմիրություններ, հաղորդում է DW- ն:



