Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ութիքոֆի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն։
«Քննարկվել են ներկայում մեր կողմից գործադրվող տարբեր ջանքերը՝ վերջ դնելու Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիային և այդպիսով վերջ դնելու անսահման մարդկային տառապանքներին», - նշվել է արտաքին գործերի նախարարի հայտարարության մեջ։
«Երկու գործընկերներն էլ ընդգծել են Գերմանիայի և մեր եվրոպացի գործընկերների հետ սերտ համակարգման կարևորությունը, որը մենք իրականացնում ենք բոլոր մակարդակներում», - հավելել է նա։
Վադեֆուլը նշել է, որ ձմեռը մոտենում է, և էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները պետք է դադարեցվեն՝ քաղաքացիական բնակչությանը ցրտից պաշտպանելու համար։
Նա նաև հայտարարել է, որ անհապաղ պետք է բանակցություններ սկսվեն մշտական հրադադարի վերաբերյալ։
Վադեֆուլի հեռախոսազրույցը գործընկերների հետ տեղի է ունեցել ԱՄՆ-ի կողմից ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման նոր առաջարկ ներկայացնելու ֆոնին։



