Գերմանիան դեռ նախատեսում է ԱՄՆ հրթիռներ տեղակ...

Գերմանիայի իշխանությունները դեռ մտադիր են երկրում տեղակայել ամերիկյան հեռահար հրթիռներ։ Այս մասին «Известия»-ին հայտնել են Մոսկվայում Գերմանիայի դեսպանությունում։

«Գերմանիան դեռ ակնկալում է 2026թ. ամերիկյան հեռահար հրթիռներ տեղակայել։ Բեռլինի եւ Վաշինգտոնի կողմից 2024թ. հուլիսին ընդունված այս որոշումը համահունչ է 2023թ. հոկտեմբերի ազգային անվտանգության ռազմավարության տրամաբանությանը»,- նշել են դեսպանությունում։

2024թ. հուլիսի 10-ին Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտնել է, որ Միացյալ Նահանգները 2026թ. կսկսի Գերմանիայում տեղակայել նոր կրակային զենքեր՝ ավելի մեծ հեռահարությամբ, քան ներկայում տեղակայված են Եվրոպայի ցանկացած վայրում: Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը (առաքելությունն ավարտվել է 2024թ. հոկտեմբերին) հայտնել էր, որ այդ ծրագրերը մեծացնում են հրթիռային սպառազինությունների մրցավազքի հավանականությունը եւ կարող են հանգեցնել չվերահսկվող թեժացման։