Գերմանիան դադարեցրել է Վրաստանի համար 237 միլիոն եվրոյի նախագծերը երկրում ստեղծված իրավիճակի պատճառով։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Թբիլիսիում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը։
Նա նշել է, որ Գերմանիան «ափսոսանքով» դադարեցրել է Վրաստանի հետ 237 միլիոն եվրոյի նախագծերը։ Այսպիսով, Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը և նախարար Սվենյա Շուլցեն արձագանքում են Վրաստանի՝ ԵՄ ճանապարհից դուրս գալուն և բողոքի ցույցերը ցրելուն։
«Մենք դադարեցրել ենք կանաչ ջրածնի, էներգետիկ ենթակառուցվածքների, ինչպես նաև Բաթումի ջրային ենթակառուցվածքների ֆինանսավորումը։ Քաղաքացիական հասարակությանն ու օրենքի գերակայությանը աջակցությունը շարունակվում է»։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ ԵԱՀԿ ավելի քան 30 մասնակից երկրներ դատապարտել են վրացական իշխանությունների կողմից եվրոպամետ ցույցերի կոշտ ճնշումը։