Ռազմագերիների վերադարձն արհեստականորեն ձգձգելու Ադրբեջանի քաղաքականությունը վստահորեն միտված չէ երկարաժամկետ կայուն խաղաղության կառուցմանը: Նման համոզմունք հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:
«Արցախի խաղաղ բնակավայրերի, պատմամշակութային ժառանգության ավերման, հայ բնակչության ոչնչացման և նրանց փոխարեն ադրբեջանական բնակավայրերի ստեղծման քաղաքականությունը, ռազմագերիների վերադարձն արհեստականորեն ձգձգելու հստակ քաղաքականությունը վստահորեն միտված չեն երկարաժամկետ կայուն խաղաղության կառուցմանը»,-ասաց նա՝ նշելով, որ հակառակորդի ձեռագիրն անփոփոխ է։
«Թե որքանով մենք՝ որպես պետություն և հանրույթ ճիշտ կգնահատենք դա, դասեր կքաղենք պատմությունից՝ կրկնությունը բացառելու համար, ճիշտ կգնահատենք առկա մարտահրավերները, ինչու չէ՝ նաև որոշ հնարավորություններ, ցույց կտան նաև առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները»,-ասաց պատգամավորը:



