Գազի գնի ինչ փոփոխություններ կարող են լինել....

Գազի գնի փոփոխությունները հնարավոր կլինի քննարկել միայն այն ժամանակ, երբ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը համապատասխան հայտ ներկայացնի։ Այս մասին, այսօր՝ հունվարի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։

Նա հիշեցրեց, որ 2021 թվականի դեկտեմբերին Հայաստանի և Ռուսաստանի ստորագրած միջպետական արձանագրության համաձայն` նախատեսված էր, որ գազի գինը կտատանվի՝ կախված դրա էներգետիկ արժեքից: Եթե այն մեկ խմ-ի համար 7 900 կիլոկալորիայից բարձր լինի, սահմանին գազի գինը համամասնորեն կբարձրանա, իսկ եթե ավելի ցածր, կնվազի։

Այդ մեխանիզմը ներդրվել է դեռևս 2013թ․-ի համաձայնագրում, սակայն դրա կիրառումը հետաձգվում էր։ Այժմ այն ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից, և սահմանին վերջնական գինը կախված կլինի գազի էներգետիկ արժեքից։ Բայց խոսքը սահմանին հաշվարկվող գնի մասին է, իսկ վերջնական սպառողների համար սակագինը կարող է փոփոխվել տարին մեկ անգամից ոչ հաճախ (այսինքն՝ կալորիականության տատանումները, սկսած 2021թ․-ի ապրիլի 1-ից, հաշվի կառնվեն միայն 2022թ․-ի ապրիլի 1-ից)։

Նախորդ տարի այն կազմել է 8300 Կկալ և ավելի (առանձին ամիսներին՝ մինչև 8500), իսկ հաշվի առնելով, որ 8 300-ը 5 տոկոսով շատ է, քան 7 900-ը, ապա այլ հավասար պայմանների դեպքում գինը կարող է աճել 5 տոկոսով։

«Բայց դա՝ հենց այլ հավասար պայմանների դեպքում, քանի որ կալորիականությունը գործոններից միայն մեկն է, կարող են նաև այլ գործոններ լինել։ Թե ինչպիսի, վերջնականապես պարզ կդառնա, երբ «Գազպրոմ Արմենիան» սակագնի փոփոխության հայտ ներկայացնի։ Դրան կցված կլինի ֆինանսական հաշվետվությունը՝ եկամտի և ծախսի հոդվածներով, որոնցից ամեն ինչ վերջնականապես պարզ կդառնա»,-պարզաբանեց Բաղրամյանը։

Բացի այդ, նրա խոսքով, որքան գազն ավելի կալորիական լինի, որքան սպառողն ավելի կալորիական գազ ստանա, այնքան ավելի քիչ գազ կվառի։

Անդրադառնալով նրան, որ կա պայմանավորվածությունը, որ սահմանին գազի բազային սակագինը առաջիկա 10 տարում չպետք է փոխվի, պետք է մնա 165 դոլար, որի դիմաց Հայաստանը պարտավորվել է ապահովել «Գազպրոմ Արմենիա» ընկերության «Հրազդան-5» ջերմային էլեկտրակայանի շահութաբերությունը և նրա համար սակագինը բարձրացնել այնպես, որ կայանը տարեկան ստանա լրացուցիչ 31,79 մլն դոլար եկամուտ, Բաղրամյանն ասաց. «Եթե մեր գործընկերները 165 դոլար սակագնի փոփոխման հարց բարձրացնեն, մենք էլ մեր հերթին կկարողանանք փոփոխել այդ 31,79 միլիոնը»:

Նա ընդգծեց նաև, որ «Գազպրոմ Արմենիան» պետք է շարունակի ավելացնել ցանցի արդյունավետությունը, որպեսզի կրճատի համակարգում գազի կորուստները։ 2020թ․-ին այդ նպատակով արդեն վերանորոգվել է Ադրբեջանի սահմանի մոտ գտնվող գազատարի հատվածը, որը տարիներ շարունակ չէր վերականգնվել։ Դա թույլ է տվել տարեկան մոտ 30 միլիոն խորանարդ մետր գազ խնայել։

«Այժմ «Գազպրոմի» հետ քննարկվում է մոտակա մի քանի տարվա համար այդպիսի նորոգման աշխատանքների գրաֆիկը, որպեսզի մենք միասին նպատակ դնենք, թե քանի տարում և որքանով են կրճատվելու կորուստները։ Դա թույլ կտա սակագներ ձևավորել նաև հաջորդ տարիների համար։ Այժմ այդ քննարկումները ավարտական փուլում են»,-ավելացրեց Բաղրամյանը։

Նշենք, որ 2020թ․-ի արդյունքներով` Հայաստանի մայրուղային և բաշխիչ համակարգերում գազի կորուստները կազմում են մոտ 5,7 տոկոս: «Գազպրոմ Արմենիայի» ծրագրով մինչև 2025 թվականը կորուստների մակարդակը պետք է նվազի մինչև 3,9 տոկոս, իսկ մինչև 2030 թվականը՝ մինչև 3,0 տոկոս: