Գազայում մեկ ամսում սպանել են հումանիտար կազմակերպությունների 20 աշխատակցի։ Այս մասին տեղեկացրել է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում կատարելով ութ կազմակերպությունների (ներառյալ Save the Children-ի եւ Oxfam-ի) խմբի պատրաստած հաշվետվությանը։
Փաստաթղթի համաձայն՝ բարեգործական եւ հումանիտար կազմակերպությունների մոտ 20 աշխատակից, որոնք աշխատել են Գազայի հատվածում, սպանվել են Իսրայելի օդային գրոհների եւ գնդակոծությունների հետեւանքով հոկտեմբերի 10 – նոյեմբերի 13 ընթացքում։ «Նրանք զոհվել են իրենց տներում, փախստականների ճամբարներում, հումանիտար օգնությունը տեղափոխելիս։ Շատերը կորցրել են մերձավորներին, ընտանիքի անդամներին եւ հարազատներին»,- նշել է հեռուստաալիքը։
Իսրայելական հարվածների վերջին զոհեր են դարձել չորս ինժեներ եւ երկու բանվոր, որոնք սպանվել են հոկտեմբերի 19-ին Խան Յունիսում ջրատարի նորոգում իրականացնելիս։ «Չնայած իսրայելական իշխանությունների հետ նախնական համակարգմանը՝ նրանց մեքենան ենթարկվել է հարվածի,- նշված է հաշվետվությունում։- Ավելի քան 300 հումանիտար աշխատողներ Գազայում սպանվել են այն ժամանակվանից, երբ Իսրայելը պատերազմ է սկսել անցած տարվա հոկտեմբերին, եւ դա ամենաբարձր ցուցանիշն է երբեւէ գրանցվածներից աշխարհի ցանկացած ճգնաժամում»։