Գազայի հատվածում ջրի աղազրկման կայաններ շահագործող ընկերություններից մեկը, որը սպասարկում է անկլավի բնակչության գրեթե կեսին, դադարեցրել է գործունեությունը՝ բողոք հայտնելով ՀԱՄԱՍ շարժման կողմից իր աշխատակիցներից մեկի ձերբակալման դեմ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Ընկերության նախագահների խորհրդի անդամ Յուսեֆ Յասինը գործակալությանը հայտնել է, որ այս քայլը կազդի ավելի քան 1 միլիոն մարդու վրա, որոնք սովորաբար ջուր են ստանում իրենց ընկերությունից։
Նա հավելել է, որ ջրի կոնտեյներներով բեռնված ավելի քան 70 բեռնատարներ նույնպես դադարեցրել են իրենց գործունեությունը, ինչը կարող է ջրամատակարարման հետագա խափանումներ առաջացնել։
«Գիտեմ, որ սա աղետալի է, բայց մեր աշխատակիցների պաշտպանությունը սրբազան հարց է», - ասել է Յասինը Reuters-ին։
Նա նշել է, որ ՀԱՄԱՍ-ն ընկերության աշխատակցին ձերբակալել է նոյեմբերի 18-ի երեկոյան և ձերբակալության որևէ պատճառ չի նշել։ ՀԱՄԱՍ-ը որևէ մեկնաբանություն չի տվել Reuters-ին այս հարցի շուրջ։
Գործակալությունը նշում է, որ պաղեստինյան շարժումն աստիճանաբար վերականգնում է վերահսկողությունը Գազայի հատվածի այն տարածքներում, որոնցից Իսրայելը դուրս է եկել։ Իսրայելը շարունակում է վերահսկել Գազայի հատվածի գրեթե կեսը։



