
Գազայի հատվածի մի քանի շրջանների վրա իսրայելական ավիահարվածների հետևանքով ապրիլի 16-ի լուսաբացից ի վեր 19 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Հորդանան գետի Արևմտյան ափին և Գազայի հատվածում իսրայելական ուժերը շարունակում են իրենց ռազմական գործողությունները՝ հարձակումներ իրականացնելով տարբեր շրջանների և քաղաքների վրա։ ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալությունն ահազանգում է Գազայի հատվածում դեղերի խիստ պակասի և մարդկանց կյանքին սպառնալիքի մասին։ Սակայն չնայած դրան՝ Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ իր երկիրը չի պլանավորում օգնություն հասցնել Գազա:
«Գազա մարդասիրական օգնության մուտքը կանխելը ՀԱՄԱՍ-ի վրա ճնշման հիմնական գործիքներից մեկն է», - ասել է նախարար Իսրայել Կացը։
Իսրայելը շարունակում է Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մեկնարկած ռազմական գործողությունները։ Գազայի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ առնվազն 51 000 պաղեստինցի է զոհվել Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով, վիրավորվել է շուրջ 116 340-ը: Իսրայելի կողմից մարդասիրական օգնության անցակետերը փակելու պատճառով Գազայի ժողովուրդը հայտնվել է սովամահ լինելու վտանգի առջև։
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր 1139 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։