ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը խոսել է նախնական կալանքը որպես խափանման միջոց կիրառելու շարունակական պրակտիկաների և դրանց հետևանքների մասին։ Պատգամավորի ելույթը ստորև.
Եվրախորհրդի հրապարակած վիճակագրության քրեակատարողական հիմնարկներում գտնվող, բայց վերջնական պատիժ չկրող կալանավորված անձանց թվով Հայաստանը 7-րդ տեղում է և կազմում են քրեակատարողական հիմնարկում գտնվող անձանց 36.7 %֊ը, սա ուղղակի սարսափելի ցուցանիշ է։ հավելեմ նաև, որ եվրոպայի խորհրդում Հայաստանն առաջատար է նաև ազատազրկման վայրերում մահացության թվով։
Այստեղ հարկ է նշել նաև, որ համաձայն ՀՀ Արդարադատության նախարարության հրապարակած պաշտոնական վիճակագրության Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետության կողմից Կոնվենցիայի խախտումների կեսից ավելի՝ շուրջ 60 % դեպքերում, արձանագրել է Հոդված 6-ի՝ արդար դատաքննության իրավունքի և Հոդված 5-ի՝ ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտումներ։
Միջազգային պրակտիկան, մարդու իրավունքների ողջ տրամաբանությունը ձևակերպում է կալանքը որպես բացառիկ, խիստ անհրաժեշտության դեպքում կիրառելի խափանման միջոց, սակայն արձանագրենք, որ այս ոչ պատշաճ գործելաոճի հետանքով ոչ միայն խախտվում են մարդու իրավունքների կոնվենցիայի բազմաթիվ դրույթներ, մարդիկ ծայրահեղ վիճակում են հայտնվում այլ նաև հսկայական ֆինանսական բեռ է ավելանում պետական բյուջեի վրա, ավելին այդ ֆինանսական միջոցներն էլ բոլորովին չեն նպաստում հասարակության անվտանգության բարձրացմանն ու քրեական տարրերի նվազեցմանը, ինչպես վերջերս նշեց վարչապետը «անձին բարոյական մեծ ջանքեր են անհրաժեշտ հայաստանյան քրեակատարողական հիմնարկներում մնալու և հանցագործ չդառնալու համար․․»
Սրանք բավական լուրջ համակարգային հարցեր են, որոնք պահանջում են առավելապես մարդու իրավունքների պաշտպանության գերակայությամբ պայմանավորված մոտեցում, որի քաղաքական կամքն ակնհայտ է, սակայն ակնհայտ է նաև գործելաոճի դեռևս հին իներցիոն բնույթը։



