
Գավառ համայնքը միացել է «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա» շրջանակներում Հայաստանի համայնքների միության «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ներքո հայտարարված` «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրի ներքո անցկացվող միջոցառումներին։
Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա» շրջանակներում Գավառ համայնքի Գանձակի մշակույթի տունը կազմակերպել էր ձեռքի աշխատանքների բացօթյա ցուցահանդես։
Ձևաչափը հատուկ էր ընտրված՝ անցորդներին ևս թեմատիկ իրազեկումներում ներգրավելու համար։
Մշակույթի տան «Դեկորատիվ կիրառական արվեստ» և «Կավագործություն և նկարչություն» խմբակների սաները ստեղծագործական աշխատանքներում ներկայացրել էին իրենց պատկերացումները վերականգնվող էներգիայի աղբյուրների, էներգաարդյունավետության, էներգախնայողության և ոլորտին առնչվող թեմաների մասին։
Ցուցահանդեսին մասնակցել են Գավառի համայնքապետարանի՝ «ԵՄ Կայուն Էներգիայի շաբաթվա» միջոցառումները համակարգողները, համայնքի մշակութային հաստատություների ներկայացուցիչներ, բնակիչներ։