Զոհված զինծառայողի հայրը՝ Գարիկ Գալեյանը, ազատ արձակվեց։ Նրան դիմավորեցին ծափողջույններով։
Դատարանը Գալեյանի կալանքը փոխեց տնային կալանքով։ Խափանման միջոց կկիրառվի տնային կալանքը երկու ամիս ժամկետով` համակցված գրավով` 2մլն ՀՀ դրամ։
«Հասկացան, որ մոտակա ժամանակներս տարածք չունենք հանձնելու, դրա համար երևի բաց թողեցին։ Սպասենք, որ ազգովի կարողանանք ոտքի կանգնել և գոնե փրկենք Հայաստանը, քանի որ Արցախն արդեն կորցրել ենք»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ 2023 թ. սեպտեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ Գալեյանը ձերբակալվել է։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ նրա մոտ 3 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել։
Գալեյանի դեմ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այն միացվել է ավելի վաղ Գալեյանի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթին։
Սեպտեմբերի 9-ին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը, և Գալեյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց երկամսյա կալանքը։



