«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամները մտահոգություն են հայտնում Գանձասար միջնադարյան վանական համալիր և դրան կից թանգարան դիվանագետների այցի ընթացքում հայկական մշակութային ժառանգության ներկայացման հետ կապված վերջին զարգացումների առնչությամբ։
Նախաձեռնության տարածած հայտարարության մեջ նշվում է․
«Այն պահին, երբ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում արդեն իսկ արձանագրվել է նշանակալի առաջընթաց, և երկու հասարակություններից ակնկալվում է տասնամյակների հակամարտությունից հետո շարունակել անցումը հարաբերությունների նոր մշակույթի, հանրային խոսքն ու գործողությունները կարևոր նշանակություն ունեն։
Վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը և լրացուցիչ տարածք են ստեղծում նրանց համար, ովքեր պնդում են, թե երկխոսությունն անիմաստ է, իսկ խաղաղության հասնելու փորձերն՝ ապարդյուն։ Խաղաղության կառուցումը պահանջում է բարդ և անկեղծ խոսակցություն, միմյանց մտահոգությունների նկատմամբ ուշադրություն և գիտակցված ջանք՝ խուսափելու այնպիսի գործողություններից, որոնք կարող են վերաբացել վերքերը կամ ուժեղացնել թշնամական վերաբերմունքը։
Ուստի կոչ ենք անում խաղաղության գործընթացում ներգրավված բոլոր դերակատարներին գործել այս պահի պատասխանատվությանը համապատասխան և զերծ մնալ այնպիսի խոսքից ու գործողություններից, որոնք կարող են ապակառուցողական ընկալվել»։
Հայտարարության տակ ստորագրել են նախաձեռնության անդամներ Արեգ Քոչինյանը, Նաիրա Սուլթանյանը, Բորիս Նավասարդյանը, Նարեկ Մինասյանը, Սամվել Մելիքսեթյանը։
Սեպտեմբերի 12-ին Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի ուղեկցությամբ Ղարաբաղում այցելել են Գանձասար և Դադիվանք, որտեղ Հաջիևը հայտարարել է, թե «Գյանջասարը» և «Խուդավենգը» «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասն են:



