Գաբոնում հեղաշրջման առաջնորդը ստանձնել է նախա...

Գաբոնում անցյալ շաբաթ տեղի ունեցած հեղաշրջման առաջնորդ, գեներալ Բրայս Օլիգուի Նգուեման սեպտեմբերի 4-ին երդմնակալությունից հետո ստանձնել է երկրի ժամանակավոր նախագահի պաշտոնը։ Ինչպես  տեղեկանում ենք France 24 պարբերականից, նա խոստացել է անցկացնել «ազատ և թափանցիկ» ընտրություններ՝ դրանց ժամկետը չնշելով։

France 24-ի թղթակիցը Գաբոնի մայրաքաղաք Լիբրևիլից հայտնում է, որ երդմնակալությանը փողոցում էկրաններով հետևում են հարյուրավոր մարդիկ՝ ցնծալով և իրենց աջակցությունը հայտնելով Բրայս Օլիգուի Նգուեմային։ Ըստ թղթակցի՝ գաբոնցիները հեղաշրջումը դիտում են՝ որպես ազատագրում։

Գաբոնում հեղաշրջումը տեղի է ունեցել օգոստոսի 30-ին։ Դրա արդյունքում պաշտոնանկ է արվել երկրի նախագահ Ալի Բոնգո Օնդիմբան, որի ընտանիքը Գաբոնը կառավարում է 1967 թ.-ից։

Հեղաշրջումից առաջ ընտրական հանձնաժողովը հայտարարել էր անցյալ ամիս անցկացված նախագահական ընտրություններում Օնդիմբայի հաղթանակի մասին։ Խունտան չեղարկել էր ընտրությունների արդյունքները և ցրել պետական հաստատությունները։