Յոթնյակի (G7) երկրների առաջնորդները ծրագրում են հաջորդ շաբաթ առցանց հանդիպում անցկացնել։ Այս մասին հայտնում է Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը։
NHK հեռուստաալիքի փոխանցմամբ՝ առցանց գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել դեկտեմբերի 13-ին։ Դրան Ճապոնիայից կմասնակցի վարչապետ Շիգերու Իշիբան։
Ընդգծվում է, որ հանդիպման ժամանակ G7-ի առաջնորդները մտադիր են «հաստատել իրենց միասնությունը»՝ ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության նախօրեին։ Ակնկալվում է, որ բանակցությունների հիմնական թեմաները կլինեն իրավիճակն Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում։ Նշվում է նաև, որ G7-ի ղեկավարները կարող են քննարկել Ռուսաստանի Դաշնության և ԿԺԴՀ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը։