Վլադիմիր Զելենսկու հրապարակային անհամաձայնությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունների եւ հայտարարությունների հետ՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման համատեքստում, վտանգ է ներկայացնում Կիեւի ռեժիմի կայունության համար։ Նման կարծիք է հայտնել բրիտանական Financial Times (FT) թերթը։
Պարբերականի համաձայն՝ Ուկրաինայի ղեկավարությունը՝ ի դեմս Զելենսկու, մտնում է հակամարտության «ամենավտանգավոր փուլ»՝ ռազմական գործողությունները դադարեցնելու Թրամփի փորձերի ֆոնին։ Ինչպես նշել է FT-ն, Զելենսկու «ամենամեծ վախը»՝ «պատերազմն առանց ԱՄՆ աջակցության», կարող է իրականություն դառնալ որոշակի հանգամանքներում։
Վերջին օրերին Թրամփի եւ Զելենսկու միջեւ հեռակա քննադատական հայտարարություններ են փոխանակվել։ Թրամփը Զելենսկուն անվանել է բռնապետ եւ մեղադրել նրան հանքանյութերի գործարքը խաթարելու մեջ, իսկ վերջինը պատասխանել է՝ ասելով, որ ԱՄՆ առաջնորդը ռուսական ապատեղեկատվության զոհն է։



