Իսրայելը Արաբական Միացյալ Էմիրություններին (ԱՄԷ) փոխանցել է բարձր տեխնոլոգիական սպառազինության համակարգեր, այդ թվում՝ առաջադեմ լազերներ, իրանական հրթիռներից և անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու համար, հայտնել է Financial Times թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Ըստ աղբյուրների՝ խոսքը Spectro անվանմամբ թեթև դիտարկման համակարգի մասին է, որն օգնում է մինչև 20 կիլոմետր հեռավորության վրա հայտնաբերել մոտեցող անօդաչու թռչող սարքերը։
Մեկ այլ իրազեկ աղբյուրի խոսքով՝ Իսրայելը նաև ԱՄԷ է ուղարկել «Երկաթե ճառագայթ» (Iron Beam) լազերային հակաօդային պաշտպանության համակարգի տարբերակը։
Լազերը, որը, ենթադրաբար, խոցում է կարճ հեռահարության հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը, Իսրայելի կողմից առաջին անգամ տեղակայվել է այս տարվա սկզբին «Հեզբոլլահ» շարժման՝ Լիբանանից արձակվող արկերից պաշտպանվելու համար։
ԱՄՆ-ը և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին։ Իրանը պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտներին։



