Ֆրանսիայի տարածքում վերապատրաստված ուկրաինացի զինվորականների թվում մի քանի տասնյակ դասալիքներ են եղել, սակայն այս երևույթը մասշտաբային բնույթ չի կրել: Այս մասին AFP-ին հայտնել է ֆրանսիական բանակի ներկայացուցիչը, փոխանցում է ուկրաինական pravda.com.ua կայքը:
Ըստ ֆրանսիական բանակի պաշտոնյայի՝ ուկրաինացիների մեջ «եղել են որոշ դասալիքներ, սակայն նրանց թիվը մնում է չափազանց փոքր՝ հաշվի առնելով այն մարդկանց թիվը, որոնք վերապատրաստվել են»:
«Նրանք գտնվում էին ֆրանսիական զորանոցներում և իրավունք ունեին հեռանալու», - հավելել է պաշտոնյան:
Աղբյուրը գրում է, որ Ֆրանսիայում վերապատրաստվել է «Աննա Կիևսկայա» 155-րդ մեքենայացված բրիգադը, որն այժմ գտնվում է Պոկրովսկի ուղղությամբ։ Դեռևս 2024 թվականի դեկտեմբերի վերջին հայտնի էր դարձել, որը բրիգադը խնդիրներ ունի անձնակազմի, տեխնիկայի և զինամթերքի հետ կապված, ինչի պատճառով կորուստներ է կրում։
Ուկրաինայի Հետախուզության պետական բյուրոն ավելի ուշ հաստատել էր, որ հետաքննում է դասալքության դեպքերը:



