Ֆրանսիայի նախկին վարչապետը հարգանքի տուրք է մ...

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Անն Լուոյի ուղեկցությամբ Ֆրանսիայի նախկին վարչապետ, ներկայումս Հավրի քաղաքապետ պարոն Էդուար Ֆիլիպի և նախկին նախարար, ներկայումս Եվրախորհրդարանի պատգամավոր տիկին Նատալի Լուազոյի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 21-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: 

Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Պարոն Էդուար Ֆիլիպը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պատվիրակության անդամները գրառումներ են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը պատվիրակության անդամներին նվիրել է Հայոց ցեղասպանության մասին գրքեր, այդ թվում՝ 2020 թ. Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի ղեկավարի աջակցությամբ լույս տեսած «Հոշոտված Հայաստան». Ավրորա Մարդիգանյանի պատմությունը» գրքի ֆրանսերեն հրատարակությունը: