Ֆրանսիան նախատեսում է Ուկրիանային հանձնել Mirage 2000 կործանիչներ, որոնք առաքումից առաջ կվերազինվեն նորագույն սարքավորումներով։ Այս մասին տեղեկացրել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեքորնյուն։ Արդիականացված ինքնաթիռները պետք է պատրաստ լինեն առաքման 2025թ. առաջին կիսամյակում։ Ինչպես նշել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը, արդիականացման աշխատանքները կատարվում են Ժիրոնդոյի Կազո ավիաբազայում։
«Խնդիրն այն է, որպեսզի կործանիչները զինվեն «օդ-երկիր» դասի մարտական հնարավորություններով, ինչպես նաեւ ուժեղացվեն դրանց ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերը։ Բայց ամենակարեւորը օդաչուների եւ տեխնիկական մասնագետների պատրաստումն է, որը շարունակվում է Նանսիում»,- ասել է նախարարը Sud Ouest-ի հարցազրույցում։
Ավելի վաղ պարբերականը գրել էր, որ Mirage 2000-5 կործանիչների մի մասը կարդիականացվի ցամաքային թիրախների ավելի արդյունավետ խոցման համար։ Մասնավորապես, ինքնաթիռները կհարմարեցվեն AASM գերճշգրիտ ավիառումբերի օգտագործման համար։