Ֆրանսիան առաջարկել է ՌԴ ակտիվներն օգտագործել...

Ֆրանսիան եվրոպացի գործընկերներին առաջարկել է բռնագրավել Ռուսաստանի Դաշնության սառեցված սուվերեն ակտիվները՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում հրադադարը, եթե այն հաստատվի, խախտելու դեպքում։ Այս մասին հայտնել է բրիտանական Financial Times (FT) թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։ Նրա տվյալներով՝ Փարիզում ցանկանում են օգտագործել ռուսական ակտիվների բռնագրավման սպառնալիքը որպես Կիեւի իշխանությունների անվտանգության երաշխիք։ Պարբերականն ավելացրել է, որ առաջարկը «ջերմորեն ընդունվել է» Եվրոպայում Ֆրանսիայի դաշնակիցների կողմից, սակայն կողմերը դեռ հեռու են դրա շուրջ համաձայնությունից։ Նշվել է, որ եվրոպական երկրները ցանկանում են արգելափակված ակտիվներն օգտագործել որպես «ճնշման լծակ» Մոսկվայի վրա։ Փետրվարի 24-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Վաշինգտոնում իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ռուսական սառեցված ակտիվների բռնագրավումը կհակասեր միջազգային իրավունքին, որը պետք է հարգվի։ Մարտի 3-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, ելույթ ունենալով Ազգային խորհրդարանի Համայնքների պալատում, ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնության արգելափակված ակտիվների օգտագործման հարցը շատ բարդ է, սակայն Լոնդոնը կշարունակի աշխատել իրավաբանական դաշտ ստեղծելու ուղղությամբ։ Եվրամիությունը, Կանադան, ԱՄՆ-ը եւ Ճապոնիան հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո սառեցրել են Ռուսաստանի ակտիվները՝ մոտ 300 մլրդ դոլարի չափով։ Դրանից մոտ 5-6 մլրդ դոլարը գտնվում է ԱՄՆ-ում, իսկ մեծ մասը՝ Եվրոպայում, այդ թվում՝ Բելգիայի միջազգային Euroclear հարթակում, որտեղ պահվում է 210 մլրդ դոլար։