
Ֆրանսիական բանտերը կրկին հարձակումների են ենթարկվել. երկրի հարավում գտնվող Տարասկոնի բանտում հարձակումների հետևանքով երեք մեքենա է այրվել։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Ֆրանսիայի արդարադատության նախարար Ժերալդ Դարմանեին և բանտային աշխատողների արհմիությունը։
«Այսօր շատ վաղ առավոտյան մեքենաներ են այրվել», - հայտնել է Ֆրանսիայի արդարադատության նախարարը CNews TV-ի և Europe 1 ռադիոյի հետ զրույցում՝ խոսելով Տարասկոնում տեղի ունեցած հարձակման մասին:
«Փարիզից արևելք գտնվող Մոյի շենքի սրահը, որտեղ աշխատում էր բանտի հսկիչը, նույնպես այրվել է գիշերվա ընթացքում, ինչպես նաև հրկիզվել է Ֆրանսիայի հարավում գտնվող Էքս-Լյուն քրեակատարողական կենտրոնում աշխատող բանտապահի մեքենան», - հայտնել է FO արհմիությունը։
Reuters-ի փոխանցմամբ՝ շաբաթվա սկզբին առնվազն վեց բանտեր, որտեղ գտնվում էին երկրի ամենածանր հանցագործները, ենթարկվել էին հրազենային հարձակումների և հրկիզումների:
Նախարար Դարմանեն, որն ապրիլի 15-ին նշել էր, որ հարձակումները ահաբեկչական գործողություններ են, այսօր՝ ապրիլի 16-ին, չի բացառել, որ Ֆրանսիայի իշխանությունների կոշտ միջոցները ստիպում են թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվողներին այսպես արձագանքել և փորձել վախեցնել իշխանություններին և բանտերի աշխատակիցներին:
Անվտանգության աղբյուրը հայտնել է, որ դեռևս ապացույցներ չկան օտարերկրյա միջամտության մասին:
Գրաֆիտիով արված «DDPF» տառերը, որոնք, ըստ երևույթին, «Ֆրանսիացի բանտարկյալների իրավունքները» բառի հապավումն է, դրոշմվել են հարձակման վայրերից շատերի վրա. դա ըստ որոշ ոստիկանական աղբյուրների՝ կարող է լինել անհայտ ձախակողմյան զինյալ խմբավորումների ձեռքի գործը:
Սակայն Դարմանեն նշել է, որ հարձակումները, որոնց ժամանակ կիրառվել է նաև AK-47 ավտոմատ, ավելի շատ նման են կազմակերպված հանցագործության:
Տեղեկություններ կան այն մասին, որ հարձակումները դիտարկվում են որպես հանցագործների կողմից կառավարության նկատմամբ հնարավոր հաշվեհարդար՝ ի պատասխան իշխանությունների կողմից թմրանյութերի դեմ պայքարի։