Ֆոն դեր Լայենը Լի Ցյանի հետ զրույցում դեմ է ա...

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Չինաստանի վարչապետ Լի Ցյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել կարգավորել ԱՄՆ մաքսատուրքերի պատճառով առևտրի ոլորտում ստեղծված իրադրությունը՝ ընդգծելով հետագա էսկալացումից խուսափելու անհրաժեշտությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը:

Ֆոն դեր Լայենը շեշտել է «Չինաստանի կարևոր դերը առևտրի բնագավառում մաքսատուրքերի առաջացրած հնարավոր շեղումները հասցեագրելու հարցում, հատկապես այն հատվածներում, որոնք արդեն իսկ տուժել են գլոբալ ավելցուկից»:

Ֆոն դեր Լայենն «ընդգծել է Եվրոպայի և Չինաստանի պատասխանատվությունը՝ որպես աշխարհի երկու խոշորագույն շուկաներ` աջակցելու ամուր, բարեփոխված առևտրային համակարգին, որը կլինի ազատ, արդար և հիմնված մրցակցության հավասար պայմանների վրա»:

Ֆոն դեր Լայենը Լի Ցյանի հետ զրույցում արծարծել է նաև ռուս-ուկրաինական հակամարտության թեման՝ «հաստատելով ԵՄ-ի ամուր աջակցությունն Ուկրաինայում արդար և կայուն խաղաղությանը և ընդգծել, որ խաղաղության համար ցանկացած պայման պետք է որոշի Ուկրաինան»։ Նա կոչ է արել Չինաստանին ակտիվացնել ջանքերը հաշտության գործընթացում ներդրում ունենալու հարցում:

Կողմերի հեռախոսազրույցը կայացել է ԵՄ-Չինաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 50-ամյակի կապակցությամբ։ Ըստ հաղորդագրության՝ հուլիսին նախատեսվում է անցկացնել ԵՄ-Չինաստան գագաթնաժողով։