«Fly One Armenia»-ի աշխատանքների առանցքում որ...

Հայաստանի ավիացիոն շուկայում բյուջետային ավիաընկերությունների ծառայությունների առկայությունը կարևոր գործոն է, ու այն նպաստում է ոլորտի աշխուժացմանը, հնարավորությունների ընդլայնմանը:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Fly One Armenia» ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը նշեց, որ լոուքոսթ ավիաընկերությունները դատապարտված են աշխատել ավելի արդյունավետ:

«Միակ բանը, որ անսակարկելի է բոլորիս համար, թռիչքների անվտանգությունն է: Մնացած հարցերում լոուքոսթ ընկերությունները շատ ավելի ճկուն են, շատ ավելի հնարավորություններ են առաջարկում: Եթե դիտարկենք այն սեգմենտները, որտեղ թռիչքներ ենք իրականացնում, ապա այս պահին ընկերության տոմսերն ամենահասանելին են: Դա շուկայի վրա դրական ազդեցություն է թողնում»,-ասաց Արամ Անանյանը:

Անդրադառնալով վերջին շրջանում ավիատոմսերի գների աճի վերաբերյալ հանրությունում շրջանում առկա բազմաթիվ արձագանքներին՝ Արամ Անանյանը նշեց, որ խոսքը գների արհեսատական բարձրացման մասին չէ:

«Գների բարձրացման վրա տարբեր գործոններ են ազդում, որոնց մասին առիթ ունեցել ենք խոսելու: Օրինակ, «Fly One Armenia»-ի` դեպի Մոսկվա ուղղության երթուղին մեկ ժամով երկարաձգվել է, և դա, իհարկե, նույնպես իր ազդեցությունն է ունենում: Գրանցվել է պահանջարկի այնպիսի աճ, որն անսպասելի է եղել բոլոր ավիաընկերությունների համար: Դա նույնպես ազդեցություն է ունենում: Այնպես որ, խոսքը ոչ թե գների արհեստական բարձրացման մասին է, այլ բնական պրոցեսի: Ամեն դեպքում, միևնույն է, մեր առաջարկած ծառայությունները մնում եմ հասանելի քաղաքացիների համար»,-ասաց Արամ Անանյանը:

«Fly One Armenia» ավիաընկերության խորհրդի նախագահը նշեց, որ նպատակ են դրել դառնալու հայկական ազգային ճանաչելի ու սիրված ավիաընկերություն, իսկ դա ենթադրում է որակի մակարդակի շարունակաբար բարձրացում, որն իրենց աշխատանքի հիմնական առանցքում է ու շարունակական գործընթաց է: