Ֆիզիկական ներգործության և սառը զենք կրելու հա...

Հոկտեմբերի 4-ին ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները դանակահարության վերաբերյալ ստացան օպերատիվ տեղեկություն: Ըստ տեղեկության` Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի երկու բնակիչ` 41 և 35 տարեկան տղամարդիկ, գյուղի գերեզմանատանը վիճել են կենցաղային հարցերի շուրջ, և այդ ընթացքում 41-ամյա տղամարդն իր մոտ եղած ծալովի դանակով մի քանի հարված է հասցրել 35-ամյա համագյուղացուն` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Աշտարակի ոստիկանները ճշտեցին նաև, որ տուժածը բուժօգնության չի դիմել, իսկ դանակահարողն էլ դանակը նետել է դեպքի վայրում:

Նույն օրը դանակահարողն Սասունիկում հայտնաբերվեց և ներկայացվեց ոստիկանության Աշտարակի բաժին: Այստեղ նա խոստովանեց արարքը, ինչից հետո ինքն ու կազմված փաստաթղթերը ներկայացվեցին Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Ֆիզիկական ներգործության և ապօրինի կերպով սառը զենք կրելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ձեռնարկվում են միջոցներ` հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Վեճի պատճառն ու դեպքի այլ հանգամանքներ պարզվում են: