Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիի իշխանությունները որոշել են ռուս միլիարդատերեր Գենադի Տիմչենկոյից և Ռոման Ռոտենբերգից բռնագրավել Helsinki Hall մարզական և զվարճանքի համալիրը, հայտնում է Reuters-ը։
Ֆինլանդիայի ամենամեծ մարզադաշտը փակ է 2022 թվականից՝ ԵՄ պատժամիջոցների պատճառով, որոնք սահմանվել էին Տիմչենկոյի և Ռոտենբերգի նկատմամբ այն բանից հետո, երբ ռուսական բանակը ներխուժեց Ուկրաինա։ Հելսինկիի իշխանությունները նախազգուշացրել էին անցյալ տարի, որ այն ընկերությունը, որի միջոցով ռուս միլիարդատերերին պատկանում է մարզադաշտը, ենթարկվում է օտարման, եթե նրանք կամավոր չհամաձայնեն վաճառել գույքը:
Երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 11-ին, Հելսինկիի քաղաքային խորհուրդը հայտարարել է, որ օտարումն անհրաժեշտ է շենքի ոչնչացումը կանխելու և նաև Ֆինլանդիայի հեղինակությունը պաշտպանելու համար, որը կարող է տուժել միջազգային խոշոր մրցույթներ անցկացնելու անկարողությունից:
Սակայն, օտարման գործընթացը կտևի մի քանի տարի և կպահանջի ազգային կառավարությունից թույլտվություն: Հելսինկին նաև ստիպված կլինի փոխհատուցում վճարել սեփականատերերին, նշել են քաղաքային խորհուրդը։ Սակայն օտարման թույլտվության հայտը նախատեսվում է ներկայացնել նոյեմբերին կամ դեկտեմբերին։
Այս տարեսկզբին Հելսինկիի փոխքաղաքապետ Պաավո Արհինմյակին ասաց, որ իշխանությունները կարող են մարզադաշտը հանձնել պետական սեփականությանն արդեն հունիսին։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ քաղաքապետարանը չի նախատեսում մարզադաշտի մշտական սեփականատերը, նախատեսում են այն վերադարձնել շահագործման, ապա վաճառել նոր սեփականատերերին։
Մինչ այս, մի քանի մասնավոր անձինք ավելի քան մեկ տարի անհաջող փորձեր էին անում ռուս սեփականատերերից գնել մարզադաշտը։ Ինչպես նշում է The Insider-ը, նման վերջին փորձը կատարվել է այս տարվա հոկտեմբերին, սակայն ռուսական կողմը մերժել է առաջարկը։
Տիմչենկոն և Ռոտենբերգը մարզադաշտը վաճառելու մոտիվացիա չունեն, քանի որ պատժամիջոցների պատճառով նրանք չեն կարողանա գումար ստանալ, իսկ օտարման դեպքում նրանք կդիմեն դատարան և կհետաձգեն գործընթացը, ասում է ֆին լրագրող Յուրի Հանինենը։ «Եվ ընդհանրապես, նրանք կարող են պարզապես հաճույք ստանալ ստեղծված իրավիճակից։ Այս ամենը վնասում է Ֆինլանդիային և ֆիններին, և քանի որ Ֆինլանդիան միացավ ՆԱՏՕ-ին [2023 թվականի ապրիլին] և Ռուսաստանում սկսեց ընկալվել որպես մեկ այլ թշնամի, ֆինների այս խառնաշփոթը գործում է հենց Կրեմլի օգտին», - եզրափակեց Հենինենը: