Ֆինանսների նախարարն ընդունել է Համաշխարհային...

Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսին և Համաշխարհային բանկի Հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեին։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ֆինանսների նախարարությունը։ 

Նախարարը շնորհավորել է պարոն Ձարկոնեին նշանակման կապակցությամբ՝ ընդգծելով Հայաստանի և Համաշխարհային բանկի միջև համագործակցության խորացման և այն նոր, ավելի արդյունավետ մակարդակի բարձրացնելու կարևորությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Զարգացման քաղաքականության գործառնություն» (DPO) ծրագրի շրջանակում իրականացվող բարեփոխումների ընթացքը և դրանց արդյունավետ իրագործման ուղղությամբ տարվող աշխատանքները։

Կողմերը անդրադարձել են նաև Համաշխարհային բանկի հետ համագործակցության շրջանակում մեկնարկած և քննարկման փուլում գտնվող մի շարք ծրագրերի ընթացքին ու դրանց հետագա զարգացման հնարավոր ուղղություններին։