
Ուկրաինայի եւ Եվրոպայի պաշտոնյաները խոստովանում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մոտ է ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի խաղաղ բանակցություններից հրաժարվելուն, ապրիլի 28-ին գրել է Financial Times-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ Թրամփը կարող է օգտագործել «բանակցությունների փոքր առաջընթացը» որպես պատրվակ՝ ասելու, որ իր «գործն ավարտված է»: ԱՄՆ-ի հետ վերջին բանակցություններից հետո եվրոպացի եւ ուկրաինացի պաշտոնյաները համոզված են, որ Թրամփը պատրաստ է օգտագործել այս շաբաթվա ցանկացած ձեռքբերում՝ հեռանալու բանակցություններից, նույնիսկ եթե ձեռք բերված առաջընթացը չհանգեցնի երկարաժամկետ կարգավորման, Financial Times-ին ասել են չորս պաշտոնյաներ: Պարբերականի աղբյուրներից մեկն ասել է, որ ԱՄՆ պաշտոնյաները «սկսել են անհանգստանալ, որ Ռուսաստանի հետ բանակցությունները ոչ մի տեղ չեն տանի», եւ սկսել են առաջարկներ ներկայացնել գործարքի համար, որը կարող է կնքվել Թրամփի կողմից սահմանված սեղմ ժամկետում։ Եվրոպացի անանուն պաշտոնյան ասել է, որ Թրամփը «ստեղծում է իրավիճակ, երբ ինքն իրեն առիթ է տալիս հեռանալ եւ Ուկրաինայի եւ մեր [Եվրոպայի] հայեցողության վրա թողնել ամեն բան»:FT-ի զրուցակիցներն ավելացրել են, որ Թրամփը որոշել է վերանայել իր հավատարմությունը խաղաղ գործընթացին, քանի որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ չէր համաձայնել ԱՄՆ եւ Կիեւի հիմնական պահանջներին, ինչպիսին է պատերազմից հետո ուկրաինական զորքերի զգալի քանակի պահպանումը:Ուկրաինայի իշխանությունները, ինչպես նշել է Financial Times-ը, սկսել են պատրաստվել այն բանին, որ միայնակ գործեն. նրանք մեծացրել են զենքի ներքին արտադրությունը եւ ակտիվացրել բանակցությունները Եվրոպայում դաշնակիցների հետ ապագա օգնության վերաբերյալ: ՀՊարբերականի աղբյուրներն ավելացրել են, որ դեռ պարզ չէ, թե արդյոք ԱՄՆ-ը կդադարեցնի հետախուզական տվյալների փոխանակումն Ուկրաինայի հետ, ինչպես դա արեց մարտին, եթե Վաշինգտոնը որոշի դուրս գալ խաղաղ բանակցություններից։