Խոսքի, հավաքների եւ միավորումների ազատության սահմանափակումներն Ադրբեջանում սահմանափակում են ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց՝ իրենց իրավունքներից արդյունավետորեն օգտվելու հնարավորությունները։ Անհրաժեշտ է ձեռնարկել իրավիճակի կարգավորման անհապաղ միջոցներ ղարաբաղյան հակամարտությունից հետո։
Այսպիսին են Եվրոպայի խորհրդի Շրջանակային կոնվենցիայի վերաբերյալ Խորհրդակցական կոմիտեի նոր կարծիքի որոշ հիմնական եզրահանգումները։
«Խորհրդակցական կոմիտեն առաջին անգամ գնահատում է իրավիճակը Ղարաբաղում։ Լաչինի միջանցքի տասնամսյա շրջափակումից, 2023թ. սեպտեմբերին ադրբեջանական իշխանությունների ռազմական գործողությունից եւ միջանցքի հանկարծակի բացումից հետո տարածաշրջանից հեռացել է ավելի քան 100 000 հայ։
Որպես անհապաղ գործողությունների խորհուրդ Խորհրդակցական կոմիտեն համառորեն կոչ է անում իշխանություններին ստեղծել քաղաքական, իրավական եւ գործնական պայմաններ, որոնք անհրաժեշտ են Ղարաբաղից տեղահանված հայերի անվտանգ եւ անխոչընդոտ վերադարձի համար, ինչպես նաեւ ստեղծել հատուկ մեխանիզմ գույքային հարցերի լուծման համար։ Իշխանություններին նաեւ համառորեն կոչ է արվում իրականացնել գույքագրում, պաշտպանել եւ պահպանել բոլոր հայկական կրոնական եւ մշակութային օբյեկտները եւ հետաքննել վանդալիզմի, պատմական ու մշակութային հուշարձանների եւ հայկական գերեզմանոցների ավերումների եւ փոփոխությունների մասին հայտարարությունները։
Խորհրդակցական կոմիտեն համառորեն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ձեռնպահ մնալ անհանդուրժողության եւ էթնիկ ատելության տարածման ցանկացած դրսեւորոմից հայերի հանդեպ եւ վճռականորեն դատապարտել դրանք»,- նշվել է հայտարարությունում։