
Եվրոպան պետք է «անվտանգության նոր ճարտարապետության շուրջ» համաձայնության գա Ռուսաստանի հետ։ Այս մասին Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան հայտարարել է Financial Times-ին տված հարցազրույցում։
Այսպես է քաղաքական գործիչը պատասխանել ուկրաինական կարգավորման հարցով Ռուսաստանի հետ բանակցություններին ԵՄ-ի մասնակցության անհրաժեշտության մասին հարցին։
«Եթե [ԱՄՆ նախագահ Դոնալդ] Թրամփն իսկապես ցանկանում է, որ եվրոպացիներն ավելի շատ պատասխանատվություն ստանձնեն իրենց անվտանգության համար, ապա, իհարկե, եվրոպացիները պետք է դառնան անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հիմնական խաղացողները», - ասաց նա:
Կոստայի խոսքով՝ մարտերն ազդում են ոչ միայն ուկրաինական կողմի, այլեւ եվրոպական անվտանգության վրա։
Փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ Կոստան հայտարարեց, որ Ուկրաինայում կայուն խաղաղություն կարող է ձեռք բերվել միայն այն դեպքում, եթե բանակցություններին մասնակցեն այդ երկրի և Եվրամիության (ԵՄ) ներկայացուցիչները։ Նրա խոսքով, պարզ զինադադարը չի օգնի վերջնականապես կարգավորել հակամարտությունը։