
Եվրոպացի առաջնորդները ձգտում են թույլկ չտալ, որ Դոնալդ Թրամփը լիովին «ձեռքերը չլվանա» Ուկրաինայում պատերազմից։ Սակայն, չնայած Վլադիմիր Պուտինի քաղաքականության նկատմամբ դժգոհության մասին նրա հայտարարություններին, ԱՄՆ-ը Ռուսաստանի տնտեսությունը խեղդելու ունակ ծրագիր դեռևս չի մշակել, գրում է The Guardian-ը։
Ամիսներ շարունակ Եվրոպան հույս ուներ, որ Թրամփը վաղուց խոստացված խիստ պատժամիջոցներ կկիրառի այն երկրների նկատմամբ, որոնք շարունակում են ռուսական նավթ գնել։ Սակայն մինչ այժմ դա տեղի չի ունեցել։ Ավելին, Հնդկաստանի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած 50%-անոց մաքսատուրքերը, դրանց թվում՝ Ռուսաստանից նավթի ներմուծման համար, վարչապետ Նարենդրա Մոդիին մղել են մերձեցման Չինաստանի և Ռուսաստանի հետ։
Նման դիվանագիտական խափանումների ֆոնին, ըստ որոշ տեղեկությունների, Թրամփը կենտրոնանում է ներքին քաղաքականության վրա, ներառյալ՝ հանցագործության դեմ պայքարի և տնտեսական հարցերի վրա։
Փարիզի բանակցություններում Միացյալ Նահանգները ներկայացրել է Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, որը նաև առանձին հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Այս ժամանակահատվածում որոշակի առաջընթաց, այնուամենայնիվ, գրանցվել է. Ուկրաինայի համար ամերիկյան զենք գնելու եվրոպական ծրագիրը սկսել է արդյունք տալ: Օգոստոսի 28-ին ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարեց Ուկրաինային 825 միլիոն դոլարով (705 միլիոն եվրո) 3350 ERAM հեռահար թևավոր հրթիռների փոխանցման մասին: Ֆինանսավորումը տրամադրել են Դանիան, Նիդեռլանդները, Նորվեգիան և Միացյալ Նահանգները, սակայն յուրաքանչյուր երկրի ներդրումը չի հրապարակվել։
ERAM հրթիռների հեռահարությունը համեմատելի է ֆրանս-բրիտանական Scalp-EG-ի հետ, որը Ուկրաինան նախկինում օգտագործել էր Ղրիմի և Կուրսկի մարզի վրա հարձակվելու համար: